Սկիզբը՝ այստեղ
(պարզապես կարդացեք իմ Երկրի պատմությունը, 4-րդ մաս)
Երբ հողը դառնում է վերք, ոտքդ հանգիստ չես կարողանում դնել նրա վրա, իսկ թևեր էլ չունես, որ թռչես, պիտի թողնես այդ Հողը, որի վերքերը դու ես տվել, որ օդը արծիվների թռիչքն է ընդունում միայն...
ՈՒ մտքեր, մտքեր, մտքեր՝ ինքնախարազանող ու անխիղճ։
Եվ աշխարհի աղմուկի մեջ դու դառնում ես խեղդված մի ճիչ, որ ձայնն անգամ դու չես լսում, որովհետև հոգու դատարկության մեջ անգամ ձայները չեն արձագանքում։
Իմաստուններն ասում են՝ լռի՜ր, որ կարողանաս լսել Աստծուն... բայց երբ այդ լռության մեջ լսում ես որդու նկարը պաստառից պոկող մոր ողբը՝ «վա՜ա՜ա՜այ բալա՜սա՜ա՜», կամ ասֆալտին փռված փալասների վրա անձրևի, քամու տակ պառկած ալեհեր ծերունու լացը... ինչպե՜ս կարող ես լսել Աստծո ձայնը։
Կամ գուցե Աստված է իրենց հետ լացում, դրա համար չենք կարողանում լսել։
Դուրս եկա պուրակից՝ ավերված հոգով. չէի ուզում նայել հրապարակում այստեղ, այնտեղ կուչուռ արած գաղթականների բազմություններին, բազմակի հանդիպումներից արդեն ծանոթ դարձած կանանց հուսակտոր հարցերին. «Բալա՛, մատաղ ինիմ, հենց ապրիս տու, նդեղեքանըս կյամ, մեր ավտոբուսներան խաբար չկա» և այդ ձայնից ասես ննջող և հանկարծ սթափվող, գետնից վեր բարձրացող մասսային և նրանց՝ դեպի քեզ ուղղված սպասող, ակնդետ հայացքներին...
Դե եկ սրբի՛ր դեմքիդ ցավն ու արցունքները, հագի՛ր հերթապահ ժպիտը և արդեն որերորդ անգամ խաբիր՝ «Հայրի՜կ, սօր իննանա, բենզինինըն սպասում, էնա ավտոբուսնեն շարքավ կաղնած...»,-այնքան համոզված ես ասում՝ թեկուզ ճանաչելով ապիկար իշխանություններին, ինքդ էլ ես հավատում քո ստին։
Հետո սրտի ցավով կտեսնես, թե այդ ալեհեր ծերունին ինչպես է նորից՝ հակելով գլուխը, մեկնվում փալասի վրա, գլխի տակ որպես բարձ ունենայով ձեռքի պայուսակը։
«էնվեր ինձանա ինիյե, լհա ստի ես կըմեռնիմ պրծնիմ, լհա մին փո՞ս էլ չըն քանդիլ, ինձ քցին մեջը»,- ականջիդ կհասնեն նրա խոսքերը, որոնք կծվատեն քո խիղճը։
Պատերազմ էր... մեծերը կասեին՝ կռվում հո չամիչ չեն բաժանում։
Մի երկար հայացքով նայեցի կառավարական և նախագահական շենքերին։
Չեմ կեղծի՝ զգացմունքներ չունեցա։
Այդ երկու շենքերում որոշվեց իմ Երկրի բախտը, ամեն ինչ, ինչպես մեծերը կասեին՝ փալաբախանի պես ծածկափառ արվեց, մինչև վերջին վայրկյանը թոզ փչեցին ժողովրդի աչքերին, կեղծ բնակծրագրեր
Ստեղծեցին, իբր թե բռնագաղթածներին տեղավորելու համար և փողեր լվացին։
Նրանք՝ այդ իշխանավորները, գիտեին, որ ծախված է Արցախը, դրա համար էլ ինչ ունեին, հանեցին երկրից՝ ներառյալ ընտանիքներն ու բիզնեսները, վաճառեցին վարելահողերը, այգիներն ու բնակարանները և այնքան անխիղճ էին, որ ժողովրդին չնախազգուշացրին բնակարանների ավելորդ ծախսեր անելու, բիզնեսներ դնելու համար։ Բռնագաղթածների համար նախատեսված բնակարանները բոլորը 4 սենյակներից էր սկսում, և ով երթևեկել է Ստեփանակերտ- Ասկերան մայրուղով, որն անցնում է Խուջալլուով, անպայման տեսած կլնեին, որ աջ կողմում դասավորված տները սաղ սպիտակ՝ Հարավի մարմարով էին սալիկապատված... հապա՜ եվրոպական ստանդարտներով կառուցված շենքերը, նույնիսկ լուրեր էին պտտվում, որ դա էլ ռուսների համար էր, городок էին ստեղծել։
Մարդիկ խոնավ նկուղներում էին ապրում, իսկ այս «սրտացավները» սալիկապատում են, նոր...
Կիսվեցի տղայիս հետ. «Մա՜մ, կլոխ չըս ընգում վեր տա մերունց հետե չէ, Խոջալուն վերանորոգումըն, նոր տան թ...քերին, իսկ այդ թազա շեները լոխ թ....քերին հետե յա, կտեսնաս»։
Եվ տեսա... շատ տեսածներիս մասին էլ կլռեմ։
Ես ցավ եմ ապրում, որ հայտնվել են թշնամու բանտում, այնտեղ գործիչներ կային, որ լրիվ արժանի չէին այդ ճակատագրին, իսկ ընդհանրապես մեր ազգին հարիր չէ որ մեր երկրի ղեկավարներին դատում է թշնամին։ Հաճախ ինձ թվում է՝ այս ցայտնոտից նորից կսպրդեն իրական մեղավորները, իսկ անմեղները կդատապարտվեն իրենց հայրենանվեր գործունեության համար։ Բոլորին Աստված օգնական....
Դեռևս փողփողում են հայկական և Արցախյան դրոշները, դեռևս ժամանակ ունենք մաքուր օդ շնչելու, թե չէ ամեն կրակահերթերից հետո ասում են՝ թուրքերը բերում են դրոշը տնկելու, և նորից խուճապ է սկսվում ժողովրդի մոտ։ Ինձ թվում է՝ այդքանը դիտավորյալ էին անում, որպեսզի ժովովուրդը շուտ լքեր Արցախը։
Ցավն ու հիասթափությունս անքան խորն էին, որ եկել խցանվել եմ այդ՝ Հայրենիք հանձնող երկու շենքերի միջև և առաջ գնալ չեմ կարող։
Դեռ ականջներիս է հասնում դիրքերից նոր իջած զինվորի ավտոմատի ճտճտոցները, երբ եկել էր տուն, տեսել երեխեքը սոված, տունը ցուրտ, առանց էլեկտրականության և գազի, ծխախոտն էլ չկար, որ հույզերը գոնե փարատեր, ներվերը չի հերիքել և կրակահերթեր է բացել նախագահականին։ Ես մեր տանից լսել եմ, որովհետև քաղաքապետարանի մոտ էի ապրում, սկզբում թվաց թե
թ---- րն էին։ Իսկույն բռնել են զինվորին, իսկ «թագավորն» էլ իրեն շրջապատել է չորսշերտանոց ախրանայով, որովհետև բոլորի ընտանիքներում նույն վիճակն էր, հանկարծ մեկը չվրիպի։
ՈՒղիղ երկու ամիս առաջ էլ նույն հրապարակում, որտեղ մարդիկ իրենց երեխաների հետ էին հանգստանում, օրը ցերեկով ատրճանակի կրակահերթեր են լսվել, բայց այս անգամ տեղերը փոխած. մեծանուն «լեգենդար» զինվորականը կրակել է այն մարդկանց մեքենաների անվադողերին, ովքեր անգիտակցաբար մեքենան կանգնեցրել էին նրա ավտոմեքենայի կայանատեղին։ Բայց ո՜վ կհամարձակվեր այդ մարդու ձեռքերը ոլորեր՝ անմեղ զինվորների վրա կրակելու համար, միայն այն գիտեինք, որ պատերազմի ժամանակ իր ընտանիքի հետ Երևանում էր.... իսկ 2020թ․ էլ ձեն ու ծպտուն չկար։
Բարեբախտաբար տղաները չտուժեցին։
Այսպես էր գործում արդարադատությունը Արցախում։
...Բա՜վ է, գնա՜, առա՜ջ գնա, Գուչչին սոված քեզ է սպասում, ինքդ էլ առավոտից ոչինչ չես կերել (ինչ կար, որ ուտեիր)....
Ինչքան մոտենում էի Տանս, այնքան ուժեղ էր տրոփում սիրտս։
Տունս, որ տասը տարի կառուցում ու չէի ավարտում, այդ տարի ավարտեցի, կահավորեցի, սանդուղքներին՝ ծաղիկների կողքին պոմիդորի և վարունգի թփեր էին, որոնք ամբողջ ամառ մեզ պահեցին, իսկ վերջին պոմիդորները ռիսկ չէի անում պոկել՝ թող այդպես սիրուն մնան...
Աղմուկի ձայներ լսեցի տան ետնաբակից։ Շատ հաճախ երեխաներն էին թթենու ծառի տակ գնդակով խաղում և իրենց աղմուկով այնտեղ տեղակայված
աղավնաբներից աղավնիներին ղըրըն ղարան անում։
- Խոխե՜ք, կամաց,- հորդորում էր աղավնիներին խնամող Նորիկը,- էս սհաթս պյունը ցրեվըք տըլան։
ՈՒ շվշվացնելով հետ էր կանչում աղավնիներին։
Նորիկը առողջական խնդիրներ ուներ, զինծառայությունից հետո տարօրինակ էր դարձել, և բակում նրան վերաբերվում էին ինչպես երեխայի։ Կապվել էր իր աղավնիների հետ երբեք չէր ծախում, միայն շատացնում էր։ Երբ բաց էր թողում, աղավնիներն օդում շրջապտույտներ անելով, հաճախ թառւմ էին մեր տան տանիքին։ Մի անգամ մեկը, իբր իմ լավն ուզելով, ավելի շուտ իր խնդիրն էր ուզում լուծել, ասաց.
«Գիտես, այդպես որ գնա, երկու տարուց հետո տանիքդ պիտի փոխես, գիտես չէ դրանց ծիրտը ինչպես է քայքայում ժեշտը»,- ակնարկելով աղավնիներին։
Ես էլ ծիծաղելով պատասխանեցի.
«Ինչ լինում է, թող ժեշտին լինի»,- այդպես փակելով չար բերանը։
Նորիկի բարձր գոռոցները զարմացրել էին ինձ. երբեք բարձր ձայնով չէր խոսում, խաղաղ ու երեխասեր տղա էր, իսկ աղավնիներին էլ համարում էր իր խոխեքը։
- Նորի՜կ, շու՜տ ըրա, ե՜կ տոն հվաքվե, տեսնանք հինչընք անում,- կանչում էր մորաքույրը, որն իր վրա էր վերցրել տղայի խնամակալությունը,- սաղ բլոկադավը մին գոլուբ չմորթեցեր, թոռներս օտին, մղափուն եկեր, դե մհենգյ թող թ------րը կյան, ուրանք օտին....
Նորիկը բարկանում էր՝ մեծացնելով խոշոր, արտահայտիչ աչքերը.
- Հու՞նց մորթեի, հը՞, հու՞նց մորթեի, տու քու խոխոցտ կմորթիս, ասե՜...
- Վա՜յ կլխետ ծյուն կյա քու հա, տես հինչին նհետայե համեմատում, պրծեր ե՜կ տոն, վեշերը քյոմագյ ըրա հղե՜ ընգնինք...
- Ես կյամչում, ես մնամ գոլուբներես նհետ, կյամչում,- համառորեն կողքի էր ընկել Նորիկը։
Ինձ տեսնելով մոտեցավ.
- Հունցա՞ Արմենը...
- Վեչինչ, Նորի՛կ, խե քինամչը՞ս մորքուրիդ նհետ... Թորքերը էնըն Կրկժան...
- Ես վախումչմ թ----րան, ես գոլուբներիս հետիյում վախում...
- Խե վախումըս, թռչուննեյըն, պյունը աստատկոցավ լցե, մղակնեն պեց թողե... Կըմանց-կամանց վայրիյըն տեռնըլան, կըլխընեն պահին։
Նորիկի աչքերը այնպես փայլեցին, ասես Ամերիկան հայտնագործեց։ Բաց թողեց աղավնիները բաց կապույտ երկինք։ Այնքան գեղիցիկ էր երկինքը ու մաքուր, որ չէիր ուզում հայացքդ իջեցնել սողացող, գալարվող, արատավոր երկիրը։ Նրա երազուն հայացքը հոսեց աղավնիների երամի հետևից, և արցունքները, լճանալով աչքերում, հոսեցին ներքև.... Հանկարծ երամից երկու սևի և ճերմակի համադրությամբ աղունիկներ եկան և կանգնեցին նրա ուսերին...
Ինչքա՜ն դժվար է երեխա դարձած տղամարդու աչքերին արցունքներ տեսնել։
Թեթև ցնցվում էին նրա ուսերը, իսկ ձեռքերը՝ դողում։ Աղունիկները զարմացած՝ շեշտակի աջուձախ են անում գլուխները։
Սիրտ չէի առնում հեռանալ, երբ նա արցունքների միջից հարցրեց.
- Նելյա՛ տյոտ, կարողա՞ Արմենին սիգարետ ինի։
- Չէ՛, բալա՛ս, վեջինը տարալա ուրան նհետ։
- Թութուն էլ չօնե՞...
Վայ հինչքան տիժերա «չէ» ասելը։ ՈՒղեղումս գյուտ արեցի. Արմենի մոտ որ սիգարետը շատանում էր, հատիկներով շպրտում էր դիվանի հետևը՝ սև օրերի համար.
- Սպասե՛, Նորի՜կ...
Ասացի և մի քանի քայլով հասա դռանը։
Գուչչին ընկել էր վրաս, չէր թողնում առաջանամ։
- Գուչչի սպասե,- ու չգիտես ինչ ուժով հետ քաշեցի դիվանը։ Անկյուններում աջ ու ձախ փռված են սիգարետի հատիկները։
Մաքրեցի փոշուց. մի բուռ դարձավ։
Շանը փակեցի տանը և մոտեցա Նորիկին. նա դեռ շոյում էր իր աղունիկներն։
- Նորի՛կ, յե՛ր կալ...
Երջանկությունից փայլում էին Նորիկի աչքերը։ ՈՒզում էր գնալ, հապաղեց.
- Կներիս, Նելյա՛ տյոտ, վեր Վերջին զանգավը գոլուբնե չըմ տվալ...
Այնուհետև աղավնիները կրծքին սեղմած՝ ամբողջ ձայնով գոռաց.
- Տյո՜տա, կյամու՜մ...
Իսկ աղավնիները, մարդկանց ցավից ու դավից անտեղյակ, շրջապտույտներ էին անում բաց կապույտ երկնքում ու սեր ղունղունում։
Պատերազմը մարդուն մաշում է, ավերում, խժռում ներսից, բայց աղավնիները շարունակում են թռչել վերևում՝ հիշեցնելով, որ Աստծո ստեղծած խաղաղության օրենքները չեն կարող ապականվել։ Ինչ էլ լինի, նրանք նորից կիջնեն տանիքներին՝ ասելու՝ երկինքը դեռ չի մոռացել մեզ...
...Պարզապես պատերազմ էր, իսկ աղավնիները չեն ընդունում պատերազմի օրենքները։
(շարունակելի)
Նելլի ՍԱՀԱԿՅԱՆ
16.09.2025 թ․